ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Կարֆուրի» մուտքը Հայաստան կունենա դրական ազդեցություն»

«Կարֆուրի» մուտքը Հայաստան կունենա դրական ազդեցություն»
28.05.2013 | 11:26

irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան ՌԱՅՆԵՐ ՄՈՐԵԼԸ

-Պարոն դեսպան, Եվրամիությունն ակնկալում է, որ այս տարիվա նոյեմբերին, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Հայաստանն այսօր պատրա՞ստ է բավարարելու այն չափանիշները, որոնք պահանջում է ԵՄ-ն:
-Ուրախ եմ, որ պետք է սկսվի այդ գործընթացը: Եվրամիությունն իր «Նոր հարևաններ» ծրագրով ընտրել է նոր ճանապարհ: Եվրոպան այն կարծիքին է, որ Եվրամիության սահմաններից դուրս գտնվող իր գործընկերների հետ էլ պետք է վարի երկխոսություն: Ինչպես տեղյակ եք՝ Եվրամիությանն անդամակցում է քսանյոթ երկիր, հուլիսին կմիանա նաև Խորվաթիան, և ԵՄ անդամ երկրների թիվը կհասնի քսանութի: Այդ հարցը միշտ եղել է ԵՄ օրակարգում՝ պե՞տք է ընդլայնվի Եվրամիությունը, թե՞ խորանա: Եվ ԵՄ-ն որոշել է գնալ հարաբերությունների խորացման ճանապարհով: Այդ պատճառով էլ ընդարձակումը, նոր անդամ երկրների միանալը հրատապ չէ: Խնդիրներ կան ասոցացված երկրների կարգավիճակի հարցում: Դա այն է, ինչին ձգտում է Եվրամիությունը՝ իր հարևանության ծրագրով: «Արևելյան հարևանություն» ծրագրում կան վեց երկրներ, որոնք ուզում են ասոցացված լինել և բանակցություններ են վարում: Դրանք են՝ Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինան, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը: Բանակցային գործընթացում Հայաստանն առաջատարներից է, քանի որ իր «տնային առաջադրանքները» կատարել է: Սպասվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Իմ կարծիքով՝ դա Հայաստանի համար կլինի մեծ քայլ առաջընթացի ճանապարհին: Մենք ուրախ կլինենք՝ ողջունելու նոր ասոցացված անդամի: Կարծում եմ, որ Հայաստանի համար էլ դա մեծ հնարավորություն է, որպեսզի որակավորվի և համապատասխանի եվրոպական չափանիշներին: Մերձեցման այդ չափորոշիչներն առաջին հերթին ներառում են քաղաքական և տնտեսական բլոկները: Հատկապես տնտեսությանը վերաբերող ճյուղում կա բիզնեսի հետ կապված պայմանագիր՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին: Այդ պայմանագիրը կարևոր է նրանով, որ Հայաստանը մուտք կգործի եվրոպական շուկա: Կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի տնտեսական հաշվեկշիռը բացասական է: Այսինքն, այս պահին դուք ավելի շատ գնում եք, քան՝ վաճառում: Որպես տնտեսուհի՝ Դուք կարող եք պատկերացնել, որ այդպիսով Ձեր դրամապանակը միայն դատարկվում է: Իսկ այդ պայմանագրով Հայաստանի համար ստեղծվում են վաճառքի, արտահանման հնարավորություններ:
-Այնուամենայնիվ, տնտեսական մենաշնորհները ջարդելու, տնտեսության ազատականացման առումով ի՞նչ ռեալ արդյունք կարող է տալ ԵՄ ասոցացման պայմանագիրը Հայաստանին:
-Այդ հարցին Դուք պետք է պատասխանեք (ծիծաղում է-Թ. Հ.): Մենք՝ արտասահմանցիներս, չենք կարող պատասխանել այդ հարցին: Կարծում եմ՝ հնարավոր է ջարդել մենաշնորհները: Վերջերս ֆրանսիական «Կարֆուր» ընկերության՝ Հայաստան մուտք գործելու մասին է անընդհատ խոսվում: Եթե «Կարֆուրը» մուտք գործի Հայաստան, դրական ազդեցությունն անպայման նկատելի կլինի: Այդ ազդեցությունը նկատելի կլինի քաղաքացու, սպառողի համար: Դուք կկարողանաք ավելի մատչելի գներով առևտուր անել: Կստեղծվեն մրցակցային պայմաններ:
-Այսօր Հայաստանն ու Գերմանիան սերտորեն համագործակցում են, ունեն գիտակրթական, մշակութային կապեր, մեր ուսանողներն ու դասախոսները վերապատրաստվում են Գերմանիայում: Ի՞նչ կարող եք ասել այսօրվա հայ ուսանողության ներուժի մասին:
-Ես այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ գտնվում եմ Հայաստանում և այդ առումով չեմ կարող կարծիք հայտնել: Օրինակ՝ DAAD-ի մրցույթները հնարավորություն են տալիս ծանոթանալու մասնակիցների հմտություններին և ընդունակություններին: Հաջորդ մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենամ անպայման:
-Հայ-գերմանական կապերը խորացնելու նպատակով մի քանի տարի առաջ փորձեցին Հայաստանում բացել Գերմանական համալսարան, սակայն այդ նախաձեռնությունը սառեցվեց:
-Լսել եմ այդ մասին, բայց այն եղել է մասնավոր նախաձեռնություն: Իմ անձնական կարծիքով՝ մասնավոր կապերով դժվար է բացել համալսարան: Որպես կանոն՝ դա հնարավոր է միայն պետական աջակցության շնորհիվ: Հայաստանում կան համալսարաններ, որտեղ կարելի է ինչ-որ բաներ շտկել, բացել առանձին ամբիոններ, որտեղ կարելի է խորացնել լեզվի ուսուցումը:
-Գրական- մշակութային կապերը Հայաստանի և Գերմանիայի միջև կարո՞ղ ենք համարել գոհացուցիչ: Այսօր երկու երկրների ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու ժամանակակից հայ և գերմանացի հեղինակների գործերին թարգմանաբար:
-Գրականությունն այնքան ծավալուն է, որ երբեք ծանոթությունը չես կարող համարել բավարար: Երբեք վերջին չես հասնի: Հեղինակներին ընթերցելու համար, կարծում եմ, պետք է լավ տիրապետել օտար լեզվին: Դա ամենահեշտ ճանապարհն է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ